ՀՀ կառավարության նիստին այսօր Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։
Նա նշեց, որ վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված որոշակի դրական տեղաշարժերի հետ մեկտեղ, ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը:
«Անհրաժեշտություն է առաջանում տարբեր լծակներով և մեխանիզմներով խթանել համատեղ տնտեսվարման զարգացումը, գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման միջոցառումների իրականացումը»,-ասաց նախարարը։
Սերգո Կարապետյանը նշեց, որ, հաշվի առնելով գյուղատնտեսության և գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության առանձնահատկությունները, մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով պայմանավորված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակումը»,-ասաց նախարարը:
Նախագծի ընդունումից և կիրառումից ակնկալվում են հետևյալ արդյունքները` կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, կբարձրանա գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը: Կոոպերատիվների գործունեությունը կնպաստի նաև գյուղական համայնքների զարգացմանը։
Նախագիծը ներկայացնելուց հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ես իմ դժգոհությունն եմ հայտնում այս օրենքի առումով Էկոնոմիկայի նախարարության, Գյուղատնտեսության նախարարության և Արդարադատության ղեկավարություններին։ Ես մանրամասն իրենց ասել եմ ու հորդորում եմ կառավարության բոլոր անդամներին, որպեսզի ևս մեկ անգամ գույքագրեն իրենց պարտավորությունները, որպեսզի մենք հետո ավելի տհաճ խոսակցություններ չունենանք»։
Վարչապետը նաև նշեց, որ ավարտվում է ԱԺ հերթական նստաշրջանը, այնինչ, իրենք պետք է դիմեն ԱԺ-ին՝ օրենքը երեք ընթերցմամբ հաստատեն, ինչը, շատ վատ է։