Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Թեղենիք գյուղի բնակիչ, 52-ամյա Դավիթ Մանուկյանը նկատել է, որ գայլը հարձակվում է ոչխարի հոտի վրա:
Ինչպես Թեղենիք գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ գայլին տեսնելը Դավիթը նկատել է, որ շունն անհանգիստ շարժումներ է անում, և, ինչպես գյուղացիներն են ասում, գայլահաչ է դրել: Դավիթը կարողանում է տանից իրեն օրինական եղանակով ամրակցված մեկփողանի որսորդական հրացանով հենց գոմի մոտ կրակել գայլի վրա, ինչի հետևանքով գայլը սատկում է:
Թեղենիք գյուղի բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նման դեպքեր հաճախակի են լինում գյուղում, երբ գայլը հարձակվում է գառների հոտի, իսկ երբեմն էլ՝ խոշոր եղջերավոր անասունների վրա ու ամեն անգամ գյուղացին մեծ չափի վնասներ է կրում՝ 30-50 ոչխար, գառ ու այծ է սատկացնում գայլը:
Մանրամասն՝ shamshyan.com