Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ ԲՀԿ-ն երբեք քաղաքական առևտուր չի արել ու չի անում, սա եղել է մեր ծրագրային բնույթը:
«ԲՀԿ-ն եղել է կոալիցիա և դուրս է եկել, որովհետև եթե քաղաքական որոշումների վրա ազդեցություն չունես, իմաստ չունի մնալ կոալիցիայում»,- ասաց նա և հավելեց, թե որևէ պարգևատրում իրենք չեն ակնկալում, քանի որ թե ինքը, թե ԲՀԿ-ն ինքնաբավ են: «Ի՞նչ պարգևատրում, մենք մեր գործն ենք անում»,- ասաց նա:
Այն հարցին, թե ինչու ԲՀԿ-ի որևէ հանձնաժողովականի կողմից որևէ խախտում չի արձանագրվել հանրաքվեին և ինչու են ընդհանրապես պասիվ դիրք գրավել, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ինձանից պասիվությո՞ւն եք նկատել»: Ուղղեցին, թե խոսքը հանձնաժողովականների մասին է, պատգամավորը նշեց. «Ամեն ինչից տեղյա՞կ եք, որ չի կանխվել»։
Մելքումյանի խոսքով՝ հանրաքվեն ցույց տվեց, որ բավական վստահության դեֆիցիտ կա հանրության կողմից, և դա արդեն երևում էր քարոզչության տեսակետից:
«Պետք է արձանագրենք, որ ինչքան վստահության պակաս կա իշխանության նկատմամբ, դրանից մի քանի անգամ ավել վստահության պակաս կա ընդդիմության նկատմամբ, որովհետև ընդդիմությունը չի կարող այսքան պարտվի»,- ասաց նա: