Հայաստան Քաղաքական Հասարակություն 

ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնացրել է բոլոր ջանքերը՝ ընտրախախտումները բացահայտելու համար. Գևորգ Կոստանյան

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնացրել է բոլոր ջանքերը՝ սահմանադրության հանրաքվեի ընթացքում քվեարկության ընթացքում կատարված ընտրախախտումների կամ հանցագործությունների վերաբերյալ բողոքները բացահայտելու, դրանց ընթացք տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

«Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների կենսական նշանակությունը երկրի համար, որոնք ապահովում ու երաշխավորում են հետագա սերնդի, ամբողջ երկրի ապագայի հարցերը, իրավական ամբողջ համակարգը ձեռնարկել ու ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասաց Կոստանյանը:

Գլխավոր դատախազիխոսքով՝ հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումների ընդհանուր թիվը, գլխավոր դատախազի փոխանցմամբ, 461-ն է, որոնցից 143-ով նախապատրաստվել են նյութեր, դրանցից 12-ն ուղարկվել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգման նպատակով, 214-ով հարուցվել են քրեական գործեր, 189 ահազանգի վերաբերյալ կայացվել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ ստացված խախտումներից 82-ը ներկայացվել են քաղաքացիների կողմից, 55-ը իրավապաշտպան կազմակերպությունների, ՀԿ-ների կողմից, իսկ 30-ը՝ դիտորդների: Մնացածը 300-ը կազմվել են գլխավոր դատախազության կողմից՝ տարբեր կայքերից հանված նյութերի առնչությամբ:

«Սա վերջնական պատկերը չէ, այս րոպեի պատկերն է: 15 րոպե հետո կարող ենք ունենալ տրամագծորեն այլ պատկեր որովհետև հաղորդումները դեռևս շարունակվում են տրվել, կայացվում են որոշումներ՝ քրեական գործ մերժելու կամ հարուցելու մասին: »,- շեշտեց Գևորգ Կոստանյանը:

Նույն շարքից