Այսօր` դեկտեմբերի 11-ին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք Մարաշում վնասազերծված հայտնի հանցավոր խմբի գործով նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը բազմաթիվ ցուցումներ է տվել:
Կոստանյանը ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չի կարող հրապարակել, թե կոնկրետ ինչ ցուցումներ են տրվել:
Լրագրողների այն դիտարկմանը, թե մարդիկ թերահավատ էին, որ վնասազերծումն իսկապես տեղի է ունեցել, Գևորգ Կոստանյանը ասաց. «Թերահավատության համար հիմքեր չեմ տեսնում: Այդ զենքը մի օր պետք է կրակեր, ինչ-որ մի տեղ պետք է կրակեր, անկախ նրանից՝ դա ուղղված կլիներ պետական մարմնի, կոնկրետ անձի կամ անձանց խմբի դեմ: Հասարակական վստահության մթնոլորտ ձևավորելու տեսանկյունից դա նշանակություն չունի: Այն, որ իրավապահ համակարգին հաջողվել է առնվազն վնասազերծել մի խումբ մարդկանց, ում տրամադրության տակ կային այդ չափ զենք-զինամթերք, ցանկացած քաղաքացու պետք է ուրախացնի, որովհետև մենք ինչ-որ մի վտանգից, մի ոճրագործությունից զերծ ենք մնացել»: