Երեկ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության, ինչպես նաև 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի օրն էր: Զարմանալի է, բայց Հայաստանում որևէ մեկն այդ մասին չխոսեց: Ոչ մի քաղաքական ուժ պաշտոնապես չշնորհավորեց: Բոլորը զբաղված էին ինչ-որ ներքին խնդիրներով: Բայց դա այն օրն էր, որ հարկավոր էր ցույց տալ բոլորին` մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղում ընթացող գործընթացներին, շնորհավորում ենք իրենց այդ առիթով, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Այսինքն` պետք էր աշխարհին ցույց տալ, որ թեև մենք ունենք ներքին տարաձայնություններ, այնուամենայնիվ ցանկացած պահի կարող ենք մոռանալ այդ տարաձայնություններն ու միասին լծվել արտաքին խնդիրների լուծմանը, ինչը չարվեց»,- ասաց Իսագուլյանը:
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` պարոն Իսագուլյանը նկատեց` Հայաստանը 25 տարի է` որոշակի գործընթացների մեջ է` ընտրություններ, հանրաքվեներ և այլն: Ըստ նրա` այդ երևույթներից հետո միշտ առաջանում է մի իրավիճակ, որի արդյունքում իրեն ընդդիմություն հայտարարած կամ հռչակած քաղաքական ուժերը պետք է կարողանան օգտվել այդ առիթից ու փորձեն իրավիճակը փոխել, բայց ինչպես միշտ, նրանց մոտ դա չի ստացվում:
«Հանրաքվեին ընդառաջ առաջիններից մեկը մեր կուսակցությունն էր, որ հայտարարեց` եկեք միավորվենք «ոչ»-ի շուրջ` անկախ մեր անձնական, քաղաքական տարաձայնություններից: Ասացի` տղերք, թեև գրեթե բոլորս էլ կողմ ենք կառավարման խորհրդարանական համակարգին, բայց եթե գտնում եք, որ այս պահին ճիշտ չէ այդ փոփոխությունն անելը, ապա եկեք միավորվենք: Բայց տեղի ունեցավ այն, որ հայտնվեցին մարդիկ ու ասացին` Իսագուլյանն իրավունք չունի. աշխատել է նախկին ռեժիմի հետ:
Կներեք, բայց ես նախկինում աշխատել եմ թե Ռոբերտ Քոչարյանի և թե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հետո սկսեցին այլևս չպայքարել «այո»-ի կմ «ոչ»-ի համար, սկսեցին իշխանափոխության կոչեր անել: Անող էիք, անեիք, բայց չկարողացաք: Հիմա էլ ասում եմ, առաջարկում եմ, որ գնանք, միասին գրենք Ընտրական օրենսգիրքը, որ հետո էլ չասենք` ինչո՞ւ սա այսպես չէ, այնպես է: Բայց ո՞նց կլինի, որ իշխանության հետ համագործակցության գնան, արդյունքում էլ նորից կանգնելու են նույն կոտրած տաշտակի առաջ:
Նախագահն արդեն ասել է, որ բոլորին պատրաստ է ընդգրկելու քննարկումներում ու նա չի էլ հրաժարվելու իր ասածներից, բայց ինչո՞ւ չեն համաձայնում: Որովհետև իրենց փող են տվել, ու դրա համար պետք է ցույց տան, որ գոնե մի 10 օր քնել են Ազատության հրապարակում: Դրանից իմ հայրենիքը, իմ պետությունը, իմ ժողովուրդն ի՞նչ է շահելու...»,- ավելացրեց Իսագուլյանը: