Հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանի ծնողները Ղազախստանում են: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Կարենի հարազատները։ 20-ամյա Կարեն Գրիգորյանը բնակվում էր մորեղբոր տանը, նրա ավագ եղբայրն ու քույրը ծնողների հետ Ղազախստանում են բնակվում: Կարենին մեկ օր ուշ կհուղարկավորեն, կսպասեն ծնողների՝ Հայաստան ժամանելուն:
Հիշեցնենք, որ Կարենը Արարատի մարզի Մասիս քաղաքից էր, հունվարին պետք է զորացրվեր: Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նա ցուցաբերած արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։