Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները չպետք է տուժեն նախազգուշացումը չլսած օդաչուների սխալի պատճառով։
«Թուրքիան հակամարտության կողմնակից չէ: Մենք ցանկանում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը, նաև ցանկանում ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լինեն նախկինի նման: Մենք հաջողությամբ համագործակցել ենք 10-11 տարի, և կցանկանայինք, որ դա շարունակվեր»,- հայտնել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան չէր ցանկանա, որ նման իրավիճակ տեղի ունենար։
Նա նշել է, որ դիմել է Ռուսաստանի հարևան երկրներին՝ բանակցություններին օգնելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։