Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Հանձնարարվել է պարբերաբար հանրությանն իրազեկել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի և արդյունքների մասին

Ամանորյա տոնական օրերին էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է դրանց ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:

«Երևանի քաղաքապետարանն այսօր իրականացնում է մայրաքաղաքի համար կարևորագույն նշանակության միանգամից մի քանի խոշոր վարկային ծրագիր: Ընդ որում, դրանց մեծ մասը տասնամյակներ շարունակ սպասված ծրագրեր են: Այս ամենն արվում է հաշվի առնելով մեր բնակիչների համար առավել հարմարավետ պայմանների ապահովման անհրաժեշտությունը: Հետևաբար մեր համաքաղաքացիները պետք է մշտապես իրազեկված լինեն ինչպես այս, այնպես էլ, ընդհանրապես, մեր կողմից իրականացվող բոլոր ծրագրերի ընթացքի մասին: Ըստ այդմ պարբերաբար ներկայացրեք հանրությանը կատարվող աշխատանքների և դրանց արդյունքների մասին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նախորդ շաբաթ ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 2 դեպքի մասով, 1 հասցեում իրականացվել է քանդում:

Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում 12 վարչական արձանագրություն է կազմվել:

Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է իրավախախտման 44 դեպք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է առավել խստացնել հսկողությունն ու շարունակել պարբերաբար հանրությանն իրազեկել ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերում նախատեսված տույժերի մասին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչական շրջաններում տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

23 24 25 26 27 28 29 30

Նույն շարքից