Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում նախքան Զարուհի Փոստանջյանը ելույթը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ասաց, որ, հաշվի առնելով պատգամավորի նախորդ ելույթները և դրանց հետևանքով ծագած վիճահարույց ու անհարմար իրավիճակները, խնդրում է Զարուհի Փոստանջյանին` խոսել ըստ քննարկվող հարցի բովանդակության, հարգել ու պահպանել կանոնակարգ-օրենքը և չստիպել անջատել խոսափողը:
«Խնդրում եմ, որպես պատգամավորի, որպես բարեկիրթ մարդու և կնոջ, խոսեք այնպես, որ հնարավորինս պահպանեք բարեկրթությունը, հուսով եմ, որ կարող ենք, որպես երկու կին, մեր աշխատանքային գործունեությունն այնպես կազմակերպել, որ անհարմար վիճակներ չլինեն»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Չգիտեի, որ Հերմինե Նաղդալյանը նաև ուսուցչի տաղանդ ունի և դասեր է տալիս ինձ, բայց ես Ձեր խորհուրդների կարիքը չունեմ»: Նա կրկնեց նույն տեքստը, ինչ վերջին մի քանի ելույթների ժամանակ, որ պետք է քննարկել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների հարցը: Նա կրկին կոչ արեց բոլորին` լինել անհնազանդ, չվճարել հարկերը: