Դեկտեմբերի 14-ին Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պակ Նո Փյոկը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։
Կորեայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար, հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-կորեական համագործակցության ամրապնդման եւ խորացման համար։
Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Կորեայի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը՝ երախտագիտություն հայտնելով անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Կորեայի կողմից ցուցաբերած տեխնիկական աջակցության համար։
Նախարար Նալբանդյանը եւ դեսպան Պակ Նո Փյոկը անդրադարձան քաղաքական, տնտեսական, կրթական եւ մշակութային համագործակցության, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Երկուստեք կարեւորվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացումը։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ակտիվ գործունեությունն՝ ուղղված երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Կորեայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպած միջոցառման համար։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ։ Դեսպան Պակ Նո Փյոկը ներկայացրեց կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։