Միջազգային Քաղաքականություն 

ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը դատապարտվել են Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները

analitik.am

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 33-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվել են ՍԾՏՀԿ-ում Ռումինիայի 6-ամսյա նախագահության արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և գասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է և ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը, ով նշել է, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը, ելնելով սեփական տնտեսական շահերից, ջանքեր է գործադրել տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և այլ բնագավառներում տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման, ՍԾՏՀԿ ծրագրային օրակարգի իրականացման, կազմակերպության գործունեության արդյունավետության բարելավման ուղղությամբ:

Նշվել է, որ ՍԾՏՀԿ-ն բացառապես տնտեսական ուղղվածության կազմակերպություն է, և դատապարտվել են Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն ու կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու հերթական փորձերը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվել են մի քանի տասնյակ բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ, որոնք համաձայնեցվել էին հանդիպման նախօրեին կայացած ՍԾՏՀԿ անդամ երկրների Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստի ժամանակ:

Նախագահությունը կազմակերպությունում հերթական վեցամսյա ժամկետով փոխանցվել է Ռուսաստանին

Նույն շարքից