Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, թե միանշանակ չի վերաբերում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը: «Դեսպանությունների հայտարարությունները Հռոմի Պապի հայտարարությունները չեն, որպեսզի սրբությամբ ընդունենք: Կարող ենք նաև հակադարձել, պարզապես, մենք էլ մեր քաղաքականությունը ունենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունը հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, թե ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին: «Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում անկուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից»,- նշվել է հայտարուրության մեջ:
ԱԺ նախագահը հանիրավի համարեց այն մեղադրանքները, որ մասնավորապես Աջափնյակում ընտրությունները նույնպես կեղծվել են, որին մասնակցել են նաև իր որդիները:
«Իմ և իմ որդիների անունը չի կարող շոշափվել: Ես գիտեմ հանիրավի, որ Հայաստանում ինչ- որ տրադիցիա է դարձել, որ ինչքան մեծ դերակատարում, այնքան մեծ հոշոտում: Այնպես որ, Աջափնյակում ամեն ինչ կարգին է: Իսկ եթե խախտումներ են կատարվել, և եթե ես Աջափնյակի բնակիչ եմ, չեմ կարծում, որ հենց դրա համար է խախտում եղել: Եթե ընդհանուր խախտում է եղել, ապա դրա համար կկրեն պատասխանատվություն»,-ասաց նա: