Հասարակություն Հիշում եմ և պահանջում Մշակույթ 

Տոլմայի փառատոն 2014

analitik.am

     Արդեն 4 տարի է, ինչ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի նախաձեռնությամբ Սարդարապատում անցկացվում է տոլմայի «Ուդուլի»  փառատոնը:

 

Երեկ երեկոյան տոլմայի սիրահարները և իրենց տոլմա պատրաստելու վարպետ համարողները կրկին համախմբվել էին Սարդարապատի հուշահամալիրի մոտ:  Այս տարի փառատոն-մրցույթի մասնակցիների թիվն անցած տարվա 18-ից դարձել էր 22:

 

Տոլմայի տարատեսակներն էլ ամեն տարի շատանում են՝ մոտ 60-ից ավել տեսակ արդեն պատրաստվում է: Տոլմա կաղամբով, թփով, բանջարեղենով, տեղական կանաչատեսակներով և դրսից բերված համեմունքներով. այս ավանդական տեսակներից բացի ներկայացված էր նաև նորամուծություն՝ տոլմա պաղպաղակով,  նարնջով և տոլմա սառույցի մեջ:

 

  Ժյուրիի  անդամ ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը նշեց, որ նոր տեսակները շատ հետաքրքիր էին, բայց միևնույնն է իր համար ամենահամեղը ավանդական կաղամբով, դդմով և այլ բանջարեղենով պատրաստված տոլման էր: Դե իսկ ժյուրիի անդամ  ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի ամեսիրելի տոլման պարզվեց թփովն է:

 

 

     «Այսօր տարատեսակ տոլմաներ փորձեցի, բայց իմ սերելի տոլման մնում է թփովը: Տոլման հայերիս համար միայն ճաշատեսակ չէ՝ այն մեր ազգային արժեքների  մի բաղադրիչ մասն է, որն այլ բաղադրիչների հետ ամբողջական է դարձնում ազգային խոհանոցն ու մշակույթը»-ասաց Արսեն Գրիգորյանը:



   Սեդրակ Մամուլյանը նշեց, որ այս տարի փառատոնին միացել են նաև հասարակական կազմակերպություններ՝ «Երիտասարդ պատմաբանների միությունը» և «Երիտասարդություն» հկ-ն, և այդ փաստի համար ինքը ուրախ է: Տոլմայի փառատոնն ուղեկցվում էր ազգագրական և ժողովրդական երգ ու պարով, ինչը հետաքրքիր էր հատկապես օտարազգի հյուրերի համար: Ի դեպ, տոլմայի փառատոնը համընկել էր ՀՀ վաստակավոր արտիստուհի, ժյուրիի անդամ Լեյլա Սարիբեկյանի ծննդյան օրվա հետ:

 

 

                                                                                                                               Արմինե Բրսոյան

Նկարները՝ Մանե Հարությունյանի

 

Նույն շարքից