«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական երեք հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու ԼՂՀ անկախության և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձները: Հրամանատարների, սպաների, զինվորների և պայմանագրային զինծառայողների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես Արցախի և Հայաստանի անկախության պահպանման և հզորացման կարևորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց ԼՂՀ և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձները: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, պայմանագրային զինծառայողնե՛ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը շնորհավորելու ձեզ` Արցախի և Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ:
«Հայոց Արծիվները» 4-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 540-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
Հայոց պետականության սահմաններն անառիկ պաշտպանող, հաղթանակած ազգային բանակի ազնվագույն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող արժանապատիվ հայ ժողովուրդը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիդ հպարտությունն ու անձնական շքեղությունը հայոց ազգային պետականությունն է, իսկ ազգային պետականության հիմքը անդավաճան հավատքն է առ Աստված, անընդհատ զարգացող տնտեսությունն է, անընդհատ հզորացող ազգային բանակն է և արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներն են Հայաստանի Հանրապետության: Միշտ գիտակցեք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև, անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան: Միշտ գիտակցեք, որ համայն հայության միասնության հիմքը հայոց Պետականությունն է, ազգային Բանակն է, հայոց Նախագահն է: Կրեցեք ձեր մեջ նշածս եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ, դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը:
Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական երեք հենակետերում կազմակերպած երեք միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալների պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ) պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայրենասեր հայորդիներ՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Արցախի և Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձներին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 540-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ: