Այսօր՝ դեկտեմբերի 16-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը՝ նշելով թե դա խորապես մտահոգված բարեկամի խոսք էր:
«Այն, որ հանրաքվեի լեգիտիմության բացակայություն կա, դա ակնհայտ է։ Ուղղակի որպես բարեկամներ ասում են, որ դուք աշխատանք ունենք կատարելու ձեր ժողովրդի հետ և պետք է այնպես անեք, որ մի քիչ նվազեցնեք այդ անվստահության մթնոլորտը: Կանեք՝ լավ է, չեք անի...»,-ասաց նա:
Այն հարցին, թե դրանով դեսպանատունը չի՞ միջամտում Հայաստանի ներքին գործերին, Արզումանյանը պատասխանեց. «Լավ է անում, ԱՄՆ դեսպանը հավատարմագրված է այս երկրում, որ խոսի ամեն ինչի մասին, թե՛ մեր խնդիրների, թե՛ մեր առաջընթացների։ Ինչ է մոնոպոլիա՞ կա այլ երկրի դեսպանների մոտ, որ կարող են ամբախ-զամբախ դուրս տալ, մեկ ուրիշը չի կարող: Հիմա այդ է բարեկամի հայտարարությունը, թե մյուս դիտորդների, որ ասում են, որ նման արդար հանրաքվե չկար: Դա արդար բարեկամի խո՞սք է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունը հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, թե ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին:
«Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից»,-նշվել էր հայտարարության մեջ։