Առջևում ամանորյա տոներն են, և գաղտնիք չէ, որ այդ օրերին շատերը չեն դիմանում համեղ ու տարբեր մթերքներ ուտելու գայթակղությանը և արդյունքում կանգնում առողջական տարբեր խնդիրների առջև:
Ինչպե՞ս խուսափել դժվարամարս կերակրատեսակներից և ավելորդ սննդաչափից, հատկապես ո՞ր մթերքներն են նպաստում քաշի ավելացմանը և աղեստամոքսային կանոնավոր գործընթացի ու նյութափոխանակության խանգարմանը։ Թեմային այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում անդրադարձավ դիետոլոգ-էնդոկրինոլոգ Իլոնա Մելիքյանը:
Վերջինիս խոսքով՝ չափից շատ սնվելու հետևանքով առաջացող հիմնական խնդիրը ճարպակալումը չէ, այլ սննդային թունավորումները: Դրանց պատճառ կարող է հանդիսանալ ոչ միայն անորակ, այլև լավորակ սննդամթերքը, որը սխալ պայմաններում է պահվում կամ պիտանելիության ժամկետից ավելի:
«Եթե տվյալ սննդամթերքի վրա նշված է պիտանելիության ժամկետը, ապա պետք է պահել հենց այդքան և ոչ ավելի: Ամենամեծ սխալն այն է, որ ամանորյա մթերքը պատրաստվում է մեծ քանակով և մատուցվում մեկ շաբաթ, 10 օր շարունակ՝ նախատեսված լինելով վերջին հյուրերի համար: Օրինակ՝ աղցանների դեպքում կարելի է մթերքը կտրատել, խառնել իրար, բայց դրանց չավելացնել շուտ փչացող բաղադրիչները, օրինակ՝ թթվասերը, մայոնեզը, ձուն: Դրանք չի կարելի երկար պահել այլ մթերքների հետ խառնած վիճակում: Ընդամենը պետք է փոքրիկ չափաբաժիններով պատրաստել աղցանները և նշված բաղադրիչներն ավելացնել վերջին պահին՝ մատուցելուց առաջ»,- ընդգծեց տիկին Մելիքյանը:
Նա նաև շեշտեց՝ թունավորումներ կարող են լինել անորակ ալկոհոլի օգտագործումից ու դրա չարաշահումից: Ըստ նրա՝ դա կարող է բերել նյութափոխանակության խանգարման, առաջացնել տարբեր ֆերմենտային խախտումներ. «Կա ալկոհոլի օգտագործման ընդունելի չափաբաժին, որն է՝ կնոջ դեպքում օրական 150 միլիլիտր, տղամարդկանց դեպքում՝ 250: Նշված չափաբաժինը նույնիսկ կարող է օգտակար լինել օրգանիզմի համար. իջեցնել խոլեստերինի մակարդակը, անգամ սրտամկանի աշխատանքն է կարգավորում: Միայն թե պետք է ուշադրություն դարձնել և տարբեր տեսակի խմիչքներ չխառնել իրար»:
Իլոնա Մելիքյանը զգուշացրեց՝ չպետք է մոռանալ ամանորյա տոների ընթացքում ապահովել օրգանիզմը առողջ սննդամթերքով, այսինքն՝ ուտել մեծ քանակով միրգ, բանջարեղեն, ոչ ճարպոտ միս, ուտել նաև ձավարեղեն, որն ունի մուգ գույն, պակասեցնել պարզ ածխաջրերի օգտագործումը, մասնավորապես՝ շաքարավազի և այն բոլոր սննդամթերքների, որոնք պարունակում են շաքարավազ:
«Պետք է նշեմ նաև, որ Նոր տարվա սննդակարգը վտանգավոր է հատկապես շաքարախտով հիվանդ մարդկանց համար, որովհետև մեծ քանակով սննդամթերքը հարուստ է ճարպերով: Պետք է հաշվի առնել նաև, որ ալկոհոլի մեծ քանակի օգտագործումը կարող է իջեցնել շաքարի մակարդակն արյան մեջ, հատկապես եթե քիչ են ուտում և շատ խմում: Հաճախ շաքարը կարող է իջնել այն աստիճանի, որ մարդու մոտ առաջանա կոմա, ինչն ավելի սուր վիճակ է և ավելի վտանգավոր: Ամանորյա հարուստ սննդակարգը վտանգավոր է նաև բարձր ճնշման խնդիր ունեցող մարդկանց համար, քանի որ հատկապես աղի և կծու սննդամթերքը կարող է է՛լ ավելի բարձրացնել զարկերակային ճնշումը»,- նշեց մասնագետը:
Վերջում նա նաև հորդորեց սեփական նախաձեռնությամբ չփորձել վերացնել հետևանքները, եթե այնուամենայնիվ թունավորվել եք կամ ձեզ լավ չեք զգում. այդպիսով դուք ավելորդ ժամանակ եք կորցնում, և դրա փոխարեն ճիշտ կլինի՝ անմիջապես շտապ օգնություն զանգահարել, դիմել բժշկի: