Հոդվածում տեղ գտած բոլոր կերպարները հավաքական են, բոլոր համեմատականները պատահական, ուստի ոմանց չարժե սրտներին մոտ ընդունել, հպարտանալ ու տերերից աշխատավարձի բարձրացում խնդրել:
Էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում համացանցում գրառում կատարող, կարդացող ու մեկնաբանող յուրաքանչյուր անձ բախվում է մեղմ ասած տհաճ մարդկանց, որոնք բոլորից լավ գիտեն կարկանդակներ թխել, հագուստ ձեւել, հոգ տանել կենդանիներին, եւ, իհարկե, ինչպես կառավարել երկիրն ու լուծել գլոբալ խնդիրներ: Արտաքին ու ներքին քաղաքականության ասպարեզի այս «մասնագետները» նույնիսկ երգեցողության ու ասեղնագործության փորումներում հանդիսանում են քննարկումների ամենաակտիվ մասնակիցները:
Հատկանշական է, որ այս մարդիկ զրկված լինելով ինքնուրույն ստեղծագործական ձիրքից, ոչինչ ինքնուրույն չեն գրում, այլ սովորաբար մեկնաբանում են յուրաքանչյուր գրառում, նորություն, եւ նույնիսկ՝ գրառման տակ տեղ գտած մեկնաբանություն: Նրանց մեկնաբանություններն աչքի են զարնվում գորշությամբ, վատատեսությամբ, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները վախկոտներ ու դավաճաններ են, եւ միայն իրենց է հայտնի փրկության միակ դեղատոմսը: Այնինչ իրենց չեն լսում ու հասկանում, ուստի ամեն-ինչ կորած է:
Նման մեթոդով է աշխատում սոցիալական ակտիվ անձնավորությունների երեք տեսակ.
-Կիսաանգրագետ մարգինալներ՝ իրենց բառապաշարում ունենալով 100 անգիր արված բառ ու մի աննկարագրելի մաղձ ողջ աշխարհի նկատմամբ, համոզվածությամբ, որ հասարակությունն իրենց չի գնահատում:
-«Երկրագնդի փրկիչներ», որ կարդալով ընդամենը մեկ գիրք, մեկ հոդված կամ անգիր անելով մեկ թեզիս՝ եկել են համոզման, որ այժմ տիրապետում են գիտելիքների անսպառ պաշարի ու կարող են դրանք հասու դարձնել «մոլորյալ մարդկությանը»:
-Սովորական տականքներ, որ շարժվում են ժամանակի հրամայականով՝ առաջնորդվելով՝ նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով:
Առաջին երկու խմբերը ընդհանուր առմամբ վտանգավոր չեն ու ներքուստ դժբախտ: Նրանք անկեղծ հավատում են իրենց առաքելությանն, եւ գլխավորը՝ առանց վարձատրման ընդունակ չեն իրենց մտքերը հասցնել կառավարությանը, հասարակությանն ու հակառակորդներին:
Վերջին՝ երրորդ խումբը բաղկացած է բավականին գրագետ մարդկանցից, որոնք կարող են ընդհանուր տպավորություն գործել, սակայն չունենալով բավարար կրթություն՝ զրկված են իրավիճակի զարգացման սեփական տեսակետը զարգացնելու ընդունակությունից, զուրկ՝ տարրական էթիկայի կանոններից:
Հնչեղ դրամի այս սիրահարների նողկալիությունն ու վտանգավորությունը կայանում է ոչ թե նրանում, որ վերջիններս ընթերցողին հրամցնում են աղճատված ու ստահոդ տեղեկատվություն, այլ որ դրամի պրպտումներում շատ հեշտությամբ կարողանում են փոխել իրենց հայացքները: Նախկին իշխանամետները դառնում են ընդդիմադիներ, լիբերալները՝ բռնապետության կողմնակիցներ, ֆաշիզմ գովերգողները՝ արմատական հակաֆաշիստներ:
Սակայն նրանց բոլորին համախմբում է մեկ նպատակ՝ վազել բոլորից առաջ, լինել Հռոմի Պապից սուրբ, Պուտիից ու Օբամայից առավել հանճարեղ:
Միանգամայն հարմարավետ քայլ. Չկարողանալով մրցակցել հանգիստ մթնոլորտում, նրանք ձգտում են շիկացնել կրքերն ու կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: Կոնֆլիկտի առաջացումը կաթվածահար է անում վիճաբանող կողմերին ու արմատականության պահանջ առաջադրում: Իսկ արմատական պահանջները հիմնավորման անհրաժեշտություն չեն զգում: Իսկ հնչեղ դրամով համեմված արմատական պահանջները այնքանով են դրական ու լավը, որ ի տարբերության «վախկոտ» իշխանավորներ խոստումների, ձգտում են ամեն ինչի հասնել միանգամից: Առաջին հայացքից միանգամայն արդարացված ու առաջադիմական մոտեցում, սակայն սովորաբար՝ արոշակի տենդեր «հայրիկի» կողմից առաջադրված մարտավարություն:
Ուստի նման պարագայում կոնֆլիկտային արմատականությունն ոչ թե ազնիվ մղումների, այլ սեփական գրպանները լցնելու միջոց է: Անձնական ոչինչ, միայն բիզնես. Իսկ սովորական կենցաղում նրանք կարող են առաջացնել միանգամայն շփվող, հաճելի ինդիվիդումների տպավորություն:
Ստեղծված իրավիճակում ամենաարդյունավետ միջոցը նման «փրկիչներին» անտեսելն է: Չե որ բանավիճելով ու հրապարակելով նրանց մտքի «գոհարները», առաջին հերթին նպաստում ենք նրանց գովազդին, ընդյալնում նրանց հանդիսատեսի շրջանակը, օժանդակում նրանց սեփական կարեւորության զգացմունքի պատրանքին:
Թե ինչ աղբյուրներից են սնվում անընդհատ ճամբարները փոփոխող այդ ճիվաղներն, այդքան էլ կարեւոր չէ: Առաջնային է հասկանալ, որ նրանք ինչքան էլ չարաճճիություններ անեն ու թռչկոտեն ցանկապատին, դատապարտված են ձախողման, այն պարզ պատճառով, որ վաղուց արդեն վարքաբեկված են:
Ինչպես աղբարկղը չի կարող սուզանավ դառնալ, ինչքան էլ հերմետիկ փակված լինի, այնպես էլ նրանք չեն կարող ազգի փրկիչների առաքելությանն հավակնել: