Քաղաքական ուժերը, հասարակությունը, արտաքին դերակատարները պիտի պատրաստվեն նոր քաղաքական իրականությանը, որը Հայատսանի համար չափազանց կարևոր է լինելու: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կդառնան Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենակարևոր ընտրությունները, որից հետո պարզ կլինի Հայաստանի քաղաքական ապագան, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով` մենք այժմ քաղաքական իներցիայով գտնվում ենք հանրաքվեի ազդեցության ներքո, ու թեև ակտիվ քննադատություներ եղան հանրաքվեի անցկացման մեխանիզմների հետ կապված, այդուհանդերձ քաղաքական առումով այդ կետն անցած է, և Սահմանադրական գործընթացն այսուհետ անխուսափելի է. «Ինչպես Սերժ Սարգսյանը նշեց՝ հունիսի սկզբին նաև նոր ընտրական օրենսգիրք է պատրաստվելու»:
Քաղաքագետն ընդգծեց` ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ միջազգային դիտորդներն այնքան էլ շատ չէին. «Գնահատակաները ոգևորված չէին, սակայն արտաքին ուժերը հավանաբար հասկանում են, որ այս իրավիճակում քաղաքական դրությունը դժվար է փոխել: Այլ հարց է, որ կփորձեն ուշադրություն հրավիրել այլ ոլոտների խնդիրներին` հույս ունենալով, որ դա կազդի 2017-ի ընտրությունների վրա»:
Նրա կանխատեսմամբ՝ արդեն 2016 թվականի գարնանը և ամռանը շատ ակտիվ քաղաքական պայքար կսկսվի. կստեղծվեն նոր դաշինքների, կազմավորումներ և վերակազամավորումներ կլինեն: