ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե պատաստվո՞ւմ է միանալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների վիճարկելու ստորագրահավաքին, ասաց՝ իհարկե, ոչ: «Ես սովոր եմ, որ ինձ են միանում, և ոչ թե ես եմ ուրիշներին միանում»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ ՀԱԿ-ի պահվածքը նշանակում է, որ նրանք արհամարհում են 824 հազար «այո»-ները, իսկ դա ժողովրդի կամքն է, և պետք է հաշվի նստել դրա հետ:
«ՀԱԿ-ն էլ առաջվանը չէ, գնում են դեպի վայրէջք, ոչ թե դեպի վերելք: Մի հատ հիշեք ՀԱԿ-ի ղեկավարներին, առաջնորդներին: Շտաբի պետն ո՞վ էր` Ալեքսանդր Արզումանյանը: Հիմա տեսեք, թե որտեղ է նա: Դավիթ Շահնազարյանն ո՞ւր է, ոչ` ՀԱԿ-ում: Սասուն Միքայելյան, Նիկոլ Փաշինյան, Արարատ Զուրաբյան... Ո՞ւր են հիմա նրանք»,- ասաց Շարմազանովը` հավելելով. «Ես չեմ բացառում ընտրակեղծիքները, բայց ընտրակեղծիքների քանակը միգուցե 100, 200, 300-ն են, սակայն ոչ` 824 հազարը: Ես կարծում եմ, որ պետք է ոչ թե օդում խոսել, այլ փաստեր ներկայացնել»:
Ըստ նրա՝ ՀԱԿ-ը սահուն քայլերով գնում է դեպի «օֆսայդ»:
«Արդյունքների վերաբերյալ վստահության դեֆիցիտ չկա»,- վստահեցրեց Շարմազանովը և նշեց, որ ԱԺ-ն կազմված է 131 պատգամավորից, որոնցից տասնյոթն են ստորագրահավաքին մասնակցել: «Եթե նույնիսկ 27 հոգի էլ ստորագրի, դա չի նշանակում, որ կա անվստահություն, և յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով»,- ընդգծեց նա: