ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նշանակված 4-րդ դատական նիստը սկսվեց և հետաձգվեց, ինչպես միշտ՝ պաշտպանների բացակայության պատճառով:
Գործով 5 ամբաստանյալներն ունեն 6 պաշտպաններ, վերջիններս ստանձնել են ամբաստանյալների պաշտպանությունը, իսկ թե ինչպես են պատրաստվում պաշտպանություն իրականացնել դատական նիստերին չներկայանալով՝ դժվար է պատկերացնել, բայց այն, որ յուրաքանչյուր նշանակված դատական նիստին, որպես կանոն, նրանից մի քանիսը բացակայում են, դա փաստ է:
Այսօր էլ դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը և ամբաստանյալ Մովսես Ազարյանի երկու պաշտպանները՝ Անահիտ Հովհաննիսյանը և Աստղիկ Ղազարյանը:
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունը ներկաներին տեղեկացրեց, որ դատական նիստից ընդամենը րոպեներ առաջ հեռախոսազանգի միջոցով պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ, իսկ մյուս պաշտպանների մասին ընդհանրապես որևէ տեղեկություն դատարանը չէր ստացել:
Ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Աստղիկ Ղազարյանը 2 դատական նիստին չի ներկայանում և նախագահող դատավորը հայտարարեց, որ ևս մեկ անգամ պաշտպանի՝ նիստին չներկայանալու դեպքում կքննարկվի նրան վարույթից հեռացնելու հարցը, իսկ մինչև այդ դիմելով ամբաստանյալին՝ նախագահողն ասաց, որ այլ պաշտպան ունենալու մասին մտածի:
Պաշտպանների բացակայությունն անհարգալից համարվեց և հաջորդ նիստին կքննարկվի նաև նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը:
Մանրամասն՝ pastinfo.am