Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ու ևս 80 կոնգրեսական առաջարկում են հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները տեղորոշող սարքեր տեղադրել, շփման գծից հետ քաշել դիպուկահարներին և ակտիվացնել ԵԱՀԿ դիտորդական գործողությունները: Եվրոպան նույնպես համաձայն է այս նախաձեռնությանը:
Այդպիսով հնարավոր կլինի կանխել հրադադարի խախտումները, սահմանային միջադեպերը, մարդկային կորուստները, չեզոքացնել պատերազմի վերսկսման վտանգը, ճանապարհ հարթել քաղաքական կարգավորման համար: Կոնգրեսականնների խաղաղարար ջանքին անուղղակի միացավ ԱՄՆ հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը:
Անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ հալածանքներին,Կոնգրեսի քննարկմանը ներկայացվեց օրինագիծ, որը նախատեսում է մուտքի արգելք և ֆինանսական պատժամիջոց կիրառել Ադրբեջանի անվտանգության, դատական իշխանության մարմինների աշխատակիցների, կառավարության անդամների և նրանց մերձավորների նկատմամբ:
Այսպիսով Ադրբեջանը պարտավոր է ընտրել. Սահմանին տեղորոշող սարքեր տեղադրել և այդպիսով հաստատել խաղաղությո՞ւն, թե՞ շարունակել խախտել հրադադարի ռեժիմը և պատերազմ հրահրել:
P.S. Տարիներ առաջ նման երկընտրանքի առաջ հայտնված Էլչիբեյը տրվեց պատերազմի գայթակղությանը, բայց ի վերջո խայտառակ պարտություն կրեց: