Հունվարի 12-ին կլրանա գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի ողբերգության մեկ տարին: Ararartnews.am-ի լրագրողը այս մեկ տարվա անցուդարձի, դատական գործընթացների մասին զրուցել է Ավետիսյանների դստեր՝ Լուսինե Ավետիսյանի հետ:
- Դժվարությամբ, բայց ստիպված վերադառնալու ենք այս ցավոտ թեմային. լրանում է մեծ ողբերգության մեկ տարին և չենք կարող չանդրադառնալ` ամփոփելով այն, գործի զարգացումները, դատական պրոցեսները: Ինչպես կամփոփեք դրանք:
-Սպասում ենք, որ գործն ամբողջությամբ հանձնեն մեզ, մեր ձեռքը լինեն նյութերը, որի հիման վրա էլ կանենք մեր եզրակացությունները: Մենք մասնակցել ենք Պերմյակովի դատին դասալքության համար, բայց սպանության հոդվածով դատը, ինչպես գիտեք, լինելու է Գյումրիում, դեկտեմբերի 18-ին և մենք՝ բոլորս, անհամբեր սպասում ենք դրան: Չգիտեմ, մի ներքին հույս կա, որ արդար դատավճիռ է լինելու:
- Վստահո՞ւմ եք հայաստանյան դատական համակարգին:
-Այդ հարցին հիմա հստակ պատասխանել չեմ կարող մինչև դատը չլինի, մինչև քննություն չլինի: Ամեն դեպքում մինչ այս պահը մեր փաստաբանների կատարած աշխատանքից մենք դժգոհություն չունենք, իսկ վերջնական գնահատական տալ դեռևս չեմ կարող:
- Մի կողմ թողնելով դատական պրոցեսները, ուզում եմ Ավետիսյանների հարազատների կարծիքին ու այս մեկ տարվա ընթացքում կատարած սեփական վերլուծություններին ծանոթանալ: Ի՞նչ եզրահանգման եք եկել: Տարբեր վարկածներ քննարկվեցին և քննարկվում են մինչև օրս: Ո՞րն է Ավետիսյանների հարազատների կարծիքով ամենահիմնավոր վարկածը: Ի՞նչը կարող էր պատճառ լինել մի ամբողջ ընտանիքի ողբերգության:
-Որևէ վարկած չկա, մենակ մի բան կասեմ, որ ում ընտանիքի հետ էլ լիներ նման ոճրագործություն, Աստված չանի, իրենց հարազատներն էլ էին ասելու` ինչո՞ւ հենց մեր հարազատ ընտանիքը: Ու ինձ հիմա մի հարց է միայն տանջում` ինչու հենց իմը: Բոլոր շրջանառվող վարկածները բացարձակ սուտ էին: Իմ ընտանիքը որևէ կապ չի ունեցել Պերմյակովի հետ, բացարձակապես որևէ կապ, ինչքան էլ, նորից եմ կրկնում, վարկածներ շրջանառվեն, որ ծանոթ են եղել, չգիտեմ ինչ: Չի եղել նման բան, որևէ կապ չի եղել: Իմ ընտանիքը սուրբ ընտանիք է եղել: Դրա համար ինձ միայն մի հարց է հետաքրքրում այս պահին՝ ինչո՞ւ հենց իմ ընտանիքը, իմ սուրբ ընտանիքը: Իմ ընտանիքը չէ, որ ես գովաբանում եմ, դա փաստ է, ինչ-որ խնդիրներ եթե ունենային, ես կկապեի այս ամեն ինչի հետ, բայց բացարձակ որևէ մեկի հետ իմ ընտանիքը խնդիրներ չի ունեցել ու հենց դրա համար է, որ ավելի շատ է մեզ տանջում «ինչու» հարցը: Ինչո՞ւ հենց այդքան ճանապարհը կտրեց, եկավ-հասավ իմ տուն: Ինչուները շատ-շատ են, որոնց պատասխանները ամենից շատ ես եմ ուզում իմանալ:
-Փորձագետների կարծիքով, ամեն ինչ արվում է, որ դատական գործընթացը ձգձգվի, երկարի, և այդտեղ իր դերակատարությունն ունի նաև ռուսական կողմը, ի՞նչ կասեք դրա մասին:
-Ես գործին ծանոթ եմ առաջին իսկ օրվանից, ու գործը իսկապես շատ բարդ է: Ինչպես արդեն նշեցի` շատ -շատ ինչուներ կան, որոնց պատասխանը, իրոք չկա, այնպես որ, ձգձգվելը կարծում եմ հենց գործի բարդության հետ է կապված, ամեն դեպքում այդպես եմ կարծում: Բայց մտավախություն ունեմ, թե ի վերջո կիմանա՞մ դրանց պատասխանները, թե ոչ:
-Իսկ ինչի՞ց ելնելով եք կասկածում:
-Վախենում եմ ինչուների մեծ քանակից, սա է իմ պատասխանը ձեր հարցին:
-Մի փոքր անդրադառնանք դեպքից հետո շրջանառվող վարկածներին, որոնք գործում ներգրավված փաստաբաններն էլ առաջ քաշեցին: Պերմյակովը մենակ չի եղել. ահա մինչ օրս քննարկվող ու շատերի կողմից հիմնավորված վարկածը: Ի՞նչ կասեք դուք:
-Ես հենց առաջին իսկ օրվանից կասկածել եմ և կասկածում եմ, որ ինքը մենակ այդքան բան չէր կարող անել: Ես գրեթե համոզված եմ դրանում: Ինչքան էլ ուզում է փաստերը տանեն այն ուղղությամբ, որ ինքը մենակ է եղել, միևնույն է, ես չեմ հավատում, հնարավոր չէ մենակով ոչնչացնել մի ողջ ընտանիք, որտեղ 2 տղամարդ կար:
-Հնարավո՞ր է, որ Պերմյակովն ընդհանրապես գլխավոր գործող անձ չի եղել տվյալ օրը դեպքի վայրում և ուղղակի քավության նոխազ է: Սա ևս ամենաշատ շրջանառվող վարկածներից մեկն է: Ի՞նչ կասեք դրա մասին:
-Հնարավոր է, չեմ չբացառում:
Սկզբնաղբյուրը՝ araratnews.am