ԲՀԿ խմբակցության պատգամավոր էլինար Վարդանյանը դեռ չի հստակեցնում` կմիանա ՀԱԿ-ի` հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նախաձեռնությանը, թե ոչ։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՍԴ դիմելը թեեւ ուժերի վատնում է, սակայն այդ գործընթացին կմիանա, եթե իր ստորագրությունը որոշիչ լինի:
«Ընդունելով հանդերձ ՍԴ դիմելու ՀԱԿ նախաձեռնության հիմնավորումներն ու փաստարկները, հասարակական տրամադրությունները, այնուամենայնիվ ես ոչ մի հույս չունեմ, որ այս հարցով Սահմանադրական դատարանը կկայացնի անկողմնակալ և լուծում պարունակող որոշում, և սա համարում եմ ուժերի անիմաստ վատնում։ Այնպես, ինչպես միշտ է եղել։
Ես կառաջարկեի նախաձեռնության բոլոր հեղինակներներին միասին աշխատել նույն ընտրակեղծիքների մեխանիզմի դեմ պայքարի այլ ուղիներ փնտրելու ուղղությամբ։ Ես ինքս պատրաստ եմ հանդես գալ կոնկրետ առաջարկներով։
Բայց եթե վերջին պահին իմ ստորագրությունը այս գործընթացում որոշիչ է լինելու, այդ ժամանակ ես բնականաբար կմիանամ նախաձեռնությանը»,-գրել է Էլինար Վարդանյանը:
Նշենք, որ հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար ՀԱԿ-ին հարկավոր է 27 ստորագրություն, առայժմ հավաքվել է 17-ը: Նախաձեռնությանը ԲՀԿ-ից դեռեւս միացել է միայն Վարդան Օսկանյանը, ՕԵԿ-ը` ողջ կազմով։