Հասարակություն 

Սուրիկ Խաչատրյանին «ձայներ կեղծելու» համար հեռացրել են «ԱՍ»-ի քվեարկությունից

Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են ամենամյա «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության քվեարկության մասնակիցների ցանկից: Ի՞նչն է եղել թեկնածուների շարքից Խաչատրյանի հեռացման պատճառը. այս հարցով էլ NewsBook-ը դիմեց «ԱՍ» մրցանակաբաշխության հիմնադիր Անի Հովհաննիսյանին:

- Տեղեկացանք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանվել է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգի թեկնածուների ցանկից, ի՞նչն է պատճառը:

- «ԱՍ» մրցանակաբաշխության քվեարկությունն ունի սահմանված կանոններ, որոնք գրված են քվեարկության կայքում՝ www.p-as.am, ես էլ բազմիցս նշել եմ այդ մասին: Այդ կանոնները պետք է պահպանել, այլ ոչ թե փորձել տարատեսակ խախտումներով հնարավորինս շատ ձայներ հավաքել: Սուրիկ Խաչատրյանի դեպքում քվեարկած IP-ների մեծ մասը գտնվում են Մոզամբիկում, Բուրկինա Ֆասոյում, Նիգերիայում, Բանգլադեշում և նմանատիպ այլ երկրներում: Տրամաբանական է չէ՞, որ այդ երկրներից չէին կարող հարյուրավոր մարդիկ մտնել և քվեարկել հենց Սյունիքի մարզպետի օգտին:

- Իսկ կա՞ն հիմքեր, որ այդ ձայները կեղծ են եղել:

- Այո, իհարկե, կան: Տարբեր ծրագրերի օգնությամբ քվեարկած ձայները միանգամից երևում են: Դա մասնագիտական է, և մենք մի քանի սքրին շոթեր կներկայացնենք, որոնցից, ամեն դեպքում, մասնագետները կհասկանան, թե ինչի մասին է խոսքը: Սուրիկ Խաչատրյանի օգտին քվեարկած ամբողջ ձայների IP-ները և մնացած տեղեկությունները նույնպես կարող ենք տրամադրել բոլոր նրանց, ովքեր կցանկանան: Մեր խնդիրն է հնարավորինս ապահովել քվեարկության օբյեկտիվությունը՝ թույլ չտալով նմանօրինակ խախտումներ:

- Ստացվո՞ւմ է ապահովել օբյեկտիվություն:

- Առավելագույնս ամեն ինչ անում ենք, որպեսզի կեղծ ձայներ չլինեն, իսկ լինելու դեպքում էլ այդ ձայները ջնջվում են: Բնական է, չեմ կարող վստահ ասել, որ բացարձակ օբյեկտիվ է, քանի որ քվեարկությունն առցանց է, սակայն հնարավոր ամեն ինչ անում ենք կեղծ ձայները հայտնաբերելու և նման մասնակիցներին հեռացնելու համար:

- Ստացվում է, որ անգամ առցանց քվեարկության ժամանա՞կ է Սուրիկ Խաչատրյանը ձայները կեղծում:

- Ստացվում է այն, ինչ տեսնում ենք: Չեմ կարող ասել անձամբ ինքն է կեղծում, թե` ոչ, բայց մի բան է հստակ, որ Սուրիկ Խաչատրյանի օգտին քվեարկած ձայների մեծ մասն այնպիսի երկրներից են, որտեղ հատուկենտ հայեր են ապրում: Բացի այդ, կան նաև այլ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ ձայներն ավելացված են ծրագրերի միջոցով: Հարգելով մնացած բոլոր թեկնածուների իրավունքները՝ մենք ուղղակի հեռացնում ենք Սուրիկ Խաչատրյանին թեկնածուների շարքից: Մնացած բոլոր մասնակիցներին հորդորում եմ չխախտել քվեարկության կանոնները:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Նույն շարքից