Հայաստան Քաղաքական 

ԱԱԾ պետի տեղակալին գեներալ-լեյտենանտի կոչում տվեցին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ վարչապետը նշել է.«Այս օրը եւս մեկ առիթ է արժեւորելու եւ գնահատելու մեր երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը՝ ուղղված հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը: Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարեւորագույն կառույցներից է, եւ մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու նշանակությունն այդ առաքելության իրականացման գործում: Ձեր գործունեությունն ունի իր առանձնահատկությունը, քանի որ հաճախ այն անտեսանելի է քաղաքացու համար, ավելին, ձեր աշխատանքի արդյունքների մասին հանրությունը հաճախ իրազեկվում է տարիներ անց: Երբեմն էլ ձեր աշխատանքն ու սխրանքները մնում են գաղտնի, չնայած նրան, որ դրանք էական ազդեցություն են թողնում պետության անվտանգության եւ զարգացման հետագա ընթացքի վրա: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տարիներ ի վեր պատվով եւ մեծ հաջողությամբ է իրականացնում իր առջեւ դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին եւ արտաքին սպառնալիքներին, մեր երկրի առջեւ ծառացող տարաբնույթ մարտահրավերներին: Այդ համատեքստում, մեծ գնահատանքի է արժանի բոլորովին վերջերս Երեւանում հանցավոր խմբավորման վնասազերծման օպերացիան, որն իրականացվեց Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության համատեղ ջանքերով: Առիթից օգտվելով՝ երախտագիտության խոսքեր եմ ուզում հղել իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով մեր երկրի պետականությանն ու հասարակության անվտանգությանը սպառնացող վտանգը վնասազերծելու գործն իրականացրած բոլոր աշխատակիցներին: ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ԱԱԾ աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական խնդիրները, եւ վստահեցնում եմ, որ այսուհետ եւս շարունակելու ենք դրանց բարելավմանն ուղղված քաղաքականությունն ու քայլերը: Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ եւ մաղթել քաջառողջություն եւ աշխատանքային հետագա հաջողություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության»:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրերով ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի եւ մատուցած նշանակալի ծառայությունների համար ԱԱԾ մի խումբ ծառայողներ պարգեւատրվել են պետական պարգեւներով, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիկոպոսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Երկրորդ աստիճանի» մեդալով են պարգեւատրվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արամ Հակոբյանը, Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, Ա վարչության պետ, գնդապետ Վահան Թադեւոսյանը: «Մարտական ծառայության» մեդալով են պարգեւատրվել ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Արմեն Հակոբյանը, Սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետ, գնդապետ Սամվել Հարությունյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության բաժնի պետ, գնդապետ Աշոտ Պետրոսյանը, ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Վանեցյանը, Հակահետախուզության գլխավոր վարչության գործող պահեստազորի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հրաչյա Եգանյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Ավետիսյանը: ՀՀ նախագահի պարգեւները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների, ինչպես նաեւ ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին, ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանին եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամանացույցով: ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգեւարտրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Նույն շարքից