Եթե անգլիկան եկեղեցին համաձայնի նույնասեռ ամուսնություններ գրանցել, դա աղետալի հետեւանքներ կունենա քրիստոնյաների համար այն երկրներում, որտեղ նույնասեռականությունն արգելված է: Այս մասին հայտարարել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին:
Նրա խոսքով՝ ինքը տեսել է, թե քրիստոնյաների նկատմամբ բռնությունն ինչ ձեւեր է ընդունում Հարավային Սուդանում, որտեղ շատերի մոտ քրիստոնեությունը ասոցացվում է նույնասեռականության հետ, ուստի գիտակում է այդ հարցերում միակողմանի գործողությունների վտանգը:
Ուելբին նաեւ ասել է, որ եկեղեցու կողմից նույնասեռ ամուսնությունների ճանաչումը բարդություններ կստեղծի քրիստոնյաների համար Պակիստանում եւ Նիգերիայում, հաղորդում է BBC_ի ռուսական ծառայությունը:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ նույնասեռ ամուսնությունները օրինականացվել էին Անգլիայում եւ Ուելսում: Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչները հայտարարել են, որ ընդունում են ստեղծված իրավիճակը եւ նույնասեռ ընտանիքների դեմ հանդես չեն գա, բայց նախկինի պես համարում են, որ «ամուսնությունը միություն է տղամարդու եւ կնոջ միջեւ»: