Հասարակություն 

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ շնորհավորանքներ են հղել պաշտոնյաները

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներով հանդես են եկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:


Տարոն Մարգարյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է.


«Միայն մեզանում նշվող այս գեղեցիկ տոնը ձեզ մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերը հղելու եւս մեկ հրաշալի առիթ է:


Հայերիս համար դարեր ի վեր կնոջ ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, որի հանդեպ խոնարհումը վերածվել է պաշտամունքի:


Հազարամյակների մեր պատմության բոլոր վճռորոշ պահերին հայ կինն ապացուցել է, որ իր փխրուն ուսերին կարող է տանել բոլոր դժվարություններն ու սատար կանգնել ամուսնուն, հորը, եղբորն ու որդուն: Դուք նաեւ դրանով եք ավանդական հայ ընտանիքի կայունության անսասան հենասյունն  ու մեր ժողովրդի հարատեւության առհավատչյան»:


Արմեն Աշոտյանն իր ուղերձում. Մասնավորապես, նշել է.


«Բնությունը կնոջն է պարգեւել մայրանալու մեծագույն շնորհը, որը հնարավորություն է տալիս մեզ` շրջապատող աշխարհում անընդհատ առնչվել աստվածային արարման բերկրանքին:


Յուրաքանչյուրիս համար  մայրական աղոթքով ու օրհնանքով է  սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլեւ զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը:


Կնոջ կեցվածքով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը:


Եղեք սիրված եւ միշտ ժպտացեք»:


Իսկ ԵԿՄ նախագահ գեներալ մանվել Գրիգորյանն էլ նշել է.


«Մեր համար, հայ տղամարդու համար, մայրը, կինը, քույրը` սրբություն են, որ արմատավորված դարերից եկող մեր վերաբերմունքով ու մեծարմամբ, պահպանվում են նաեւ այսօր:


Դուք արցախյան պատերազմի եւ անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ ապացուցեցիք, որ հայ կինը երկրապահ է եւ անում է ամեն ինչ հայրենիքի ու հայի արժանապատվությունը բարձր պահելու համար:


Հատուկ շնորհավորանքներ եմ հղում Արցախի հերոս մայրերին, կանանց, ովքեր պատերազմի տարիներին դարձան հայրենիքի պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի հենարան:


Շնորհավորում եմ բոլոր այն մայրերին ու կանանց, որոնց ամուսիններն ու որդիներն այսօր հայոց բանակի շարքերում, դիրքերում պաշտպանում են պետական սահմանն ու ժողովրդի անդորրը:


Շնորհավորում եմ նաեւ սահմանամերձ բնակավայրերում ապրող, երեխա դաստիարակող ու երկիր պահող մեր հայուհիններին, ինչպես նաեւ այսօր ազգային բանակում ծառայող կանանց ու քույրերին:


Շնորհավորանքս եմ հղում երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց երեխաներին տալիս են հայրենասիրության առաջին դասերը` լինել ժողովրդին արժանի զավակ, երկրի քաղաքացի ու տեր:


Առանձնահատուկ շնորհավորում եմ Սպարապետ ծնած Գրետա մայրիկին, մաղթում առողջություն եւ երկար կյանք:


Սիրելի Գրետա մայրիկ, ես եւ բոլոր երկրապահները, Ձեզ ընդունում ենք, որպես Հայոց մեծ մայր, եւ Ձեր մեծությունը, թող մշտապես զորավիգ լինի մեզ:


Վստահեցնում եմ ձեզ, սիրելի մայրեր, եթե անհրաժեշտություն լինի, երկրապահը նորից կանգնելու է առաջին գծում, պաշտպանելու է մեր մայրերին, կանանց, պետական սահմանն ու պետությունը, Արցախի անվտանգությունն ու անկախությունը»:

Նույն շարքից