Հասարակություն 

Սուրբ Աստվածածինը օրինակ է բոլոր կանանց համար. Գարեգին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ:


Ուղերձում ասվում է.


«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց եւ օրիորդաց` Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի եւ Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:


Սուրբ Աստվածածինը, ով «օրհնյալն է կանանց մեջ», առ Աստված հավատքի, մայրական հոգատարության, սիրո եւ նվիրումի ներշնչման աղբյուր եւ օրինակ է բոլոր կանանց համար: Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով եւ մաղթանքով, որ մայրերը ուրախ սրտով ու երջանիկ հոգով սնեն իրենց մանուկներին եւ մեծացնեն նրանց խաղաղության ու բարօրության մեջ:


Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերը Սուրբ Տիրամոր գթառատ բարեխոսությամբ մեր մայրերին, քույրերին ու դուստրերին պարգեւի քաջառողջ արեւշատություն, երկնային ամենայն բարիք եւ շնորհներ` ջերմ հավատքով ապրելու իրենց կյանքը, հավատավոր գործերի օրհնությամբ լցնելու իրենց ընտանեկան հարկերը, պայծառություն բերելու մեր երկրին, ազգային եւ եկեղեցական մեր կյանքին»:

Նույն շարքից