Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները աջակցություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում ուժային գործողությունների ռիսկի նվազեցման միջոցների, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննության մեխանիզմեր ստեղծելու մասին առաջարկների ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող աշխատանքին: Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ, որն արվել է դեկտեմբերի 19-ին Բեռնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ավարտին:
Հանդիպումը կազմակերպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը, (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հայտարարության մեջ ասվում է.
«Հանդիպումը նախագահներին հնարավորություն է տվել դեմ առ դեմ զրույցի ժամանակ հստակեցնել իրենց դիրքորոշումները:
Նախագահները քննարկել են ներկայիս գործողությունները եւ իրենց մտահոգությունն են հայտնել ծանր զինատեսակի կիրառման հետեւանքով զոհերի, այդ թվում խաղաղ բնակիչների շրջանում մարդկային կորուստների կապակցությամբ:
Նախագահները հաստատել են կարգավորման ուղղությամբ առաջարկները քննարկելու պատրաստակամությունը: Նրանք նաեւ հաստատել են, որ հավատարիմ են մնում Մինսկի խմբի ձեւաչափին:
Համանախագահները նախկինի պես պատրաստ են աշխատել կողմերի հետ խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակելու համար»: