Հասարակություն 

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցային ճանապարհով. Շվեյցարիայի ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցային ճանապարհով: Նման կարծիք է հայտնել Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրքհալթերը, որն այսօր՝ դեկտեմբերի 19-ին Բեռնում  հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:

«Երկու երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ դաշնային խորհրդական Դիդիե Բուրքհալթերն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել միայն հետեւողական բանակցությունների արդյունքում», -  ասված է Շվեյցարիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Դիվանագետը կողմերին կոչ է արել ամրացնել երկխոսությունը եւ հրաժարվել բռնության կամ սադրանքի  ցանկացած դրսեւորումից: Նրա խոսքով՝ Շվեյցարիան պատրաստ է աջակցել երկխոսության զարգացման ջանքերին՝ իր մոտ  ընդունելով հանդիպումները եւ փորձագետներ տրամադրելով:

«Հարավային Կովկասը Շվեյցարիայի համար խաղաղության քաղաքականության առումով գերակա ուղղություններից մեկն է»,- հիշեցրել է Բուրքհալթերը: ԵԱՀԿ-ում 2014թ. նախագահելու ժամանակ Շվեյցարիան կողմ է արտահայտվել կազմակերպության շրջանակներում միջնորդների ձեւաչափի պահպանմանը եւ պաշտպանել է միջոցները, որոնք ուղղված են եղել վստահության ամրապնդմանն ու քաղաքացիական հասարակության հետ շփումների զարգացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից