Այս տարի ապրիլի 24-ին դեթրոյթյան չորս եկեղեցիների ծխականները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն կկազմակերպեն Դիըբորնի հայկական Սբ. Սարգիս եկեղեցում։
Միջոցառմանը պատմական ակնարկներ կներկայացվեն ինչպես մարդկության դեմ մեծագույն հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի կրած անմարդկային վերաբերմունքի, այնպես էլ այն մարդկանց մասին, որոնք մազապուրծ են եղել սպանդից, բայց մինչ այժմ էլ կատարվածի սարսափն են ապրում, հաղորդում է The Detoit News-ը։
Եկեղեցում հոգեհանգստի արարողություն կմատուցվի, այնուհետեւ ծխականները զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ մոմեր կվառեն, քահանա Հրանտ Գեւորգյանին վկայակոչելով հաղորդում է լրատվական կայքը։ Արարողության վերջում ծխականներին եւ հյուրերին ավանդական ընթրիքով կհյուրասիրեն՝ հաց, բլղուր եւ գառան միս։
Արարողության ընթացքում իրենց հիշողություններն ու զգացումներն են կիսելու ցեղասպանությունից փրկված տեղացի հայեր։ Նրանցից մեկը՝ Ռամելը Կարմանը, ապրիլի 7-ին իր հարյուրամյակն է նշում, իսկ Ասյա Տիտովան արդեն 102 տարեկան է։
Պարբերականը անդրադարձ է կատարել ցեղասպանության դեպքերին՝ նկարագրելով դրա նախընթաց պայմանները, ապա եւ իրականացման փուլերն ու իրականացված ահասարսուռ բռնությունները։
Նշվում է նաեւ, որ 102-ամյա Ասյա Տիտովայի մայրը երկրորդ աշխարհամարտի տարիներին Ռուսաստանում գտնվող իրենց տանը երկու հրեա ընտանիքի է թաքցրել։