Հասարակություն 

Մի քանի բժիշկ վարկաբեկում են մնացած բժիշկների բարի անունը

analitik.am

Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված էր կանանց առողջության պահպանման միամսյակ, որի շրջանակներում Երևանում և մարզերում կանանց պետք է տրամադրվեին անվճար մի շարք հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` պետք է իրականացվեին անվճար վիրահատություններ: Այն, որ անվճար հետազոտություններ իրականացվեցին  փաստ է, բայց  այստեղ այլ խնդիր կա՝ ինպե՞ս, արդյոք բոլոր բժիշկներն են բարեխիղճ:


Այսօր առավոտյան գնացի Երևանի բժշկական հաստատություններից մեկը, որտեղ թե՛ վճարովի, թե՛ անվճար հետազոտություններ պետք է անցկացվեր դեռ միամսյակի շրջանակներում՝ այսօր որպես հավելյալ օր:  Մտա ներս և նկատեցի մոտ 50 հոգու, ովքեր անվճար սպասարկման հերթ էին պահել: Ժամը 10:00 էր՝ բժշկուհին դեռ չկար, ժամը 11:00 էր՝ բժշկուհին՝ քույրի տեղեկացմամբ շուտով կհասնի, ժամը 12:00-ն էր՝ շուտով եկող բժշկուհին դեռ չի եկել, ևս տաս րոպե և պարզ դարձավ, որ նա հնարավոր է, որ  չգա:  Ինչպես այս դեպքերում են ասում ես էլ թարսի պես հենց այդ բժշկուհուն էի սպասում: Բժշկուհու չգալը հունից հանող այդքան չէր լինի, եթե  մարդկանց մոտ չսկսվեր անբացատրելի իրարանցում ու խուճապ. բանն այն է, որ այսօր վերջին օրն էր անվճար  հետազոտման, իսկ բժշկուհին չէր բարեհաճում գալ: 


Ես գրեթե համոզված եմ, որ այդ 50-60 հոգուց բոլորն էլ  իրոք ունեն ֆինանսական խնդիրներ և ստիպված սպասում էին, բայց լավ ու՞ր մնաց այդ բժշկուհու պատասխանատվության զգացումը:  Եթե սա լիներ առաջին դեպքը հնարավոր է մտածեի, որ դե բժշկուհին էլ սովորական մարդ է, մի բան պատահել է, բայց այս մեկ ամսվա ընթացքում սա արդեն 3-րդ դեպքն է, որ ես բախտի բերմամբ, թե հակառակը,  հայտվնում եմ այն բժշկի  աշխատասենյակի մոտ, ով այդ օրը պետք է անվճար հետազոտություններ անի, ու չի ներկայանում ժամանակին կամ չի գալիս ընդհանրապես:  Նման մի քանի բժշկի պատճառով բոլոր բժիշկների անունն է վարկաբեկվում: 


Հարգելի՛ բժիշկներ, կամ հրաժարվեք մասնակից լինել միամսյակի շրջանում անվճար սպասարկումից, կամ բարեխիղճ մոտեցեք ու մի խաղացեք բոլոր բժիշկների բարի համբավի հետ:


 

Արմինե Բրսոյան

Նույն շարքից