«Իրազեկ սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննարկող հանձնաժողովի հրապարակած տվյալներին և պնդումներին՝ թե քաղաքային տրանսպորտը պետք է շահագործվի 200-250 դրամով, ասաց. «Եթե դրանք միտումնավոր արված հաշվարկներ չեն, ապա դրանից ավելի անգրագետ բան հնարավոր չէր հայտարարել»:
«Հանձնաժողովում ո՞վ է աշխատանք իրականացրել, թող ասի՝ թե ես այս աշխատանքն եմ արել այս 6 ամսվա ընթացքում: Կան անդամներ, ովքեր ուղղակի քվեարկում են, և կան ուղևորափոխադրողներ, ովքեր իրենց շահերից ելնելով ինչ-որ բաներ են անում»,- ասաց Բաբկեն Պիպոյանը՝ շարունակելով, որ եթե մենք ունենանք ճիշտ կառավարում, ապա սպառողին չպետք է հետաքրքրի, թե ուղևորափոխադրողն ինչ շահույթով կամ վնասով է աշխատում:
Բանախոսի պնդմամբ՝ ի սկզբանե պետք էր այնպիսի մեքենաներ ընտրել, որոնց ծախսը քիչ է: «Ո՞վ է իրենց ասում դիզելով ավտոբուսներ բերեին, թող օգտվեն գազով տրանսպորտից: Մեր մոտեցումը պետք է հստակ լինի, օգտվել բացառապես գազով սպասարկվող մեքենաներից»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ ավելացնելով, թե իր արած հաշվարկները թույլ են տալիս ասել, որ Երևան քաղաքը սպասարկելու համար անհրաժեշտ է 1 100 ավտոբուս և պարտադիր է միասնական ավտոպարկ ունենալը:
«Պնդում եմ, որ 100 դրամը լրիվ բավարարում է ծախսերը՝ ուղևորափոխադրումը նորմալ իրականացնելու համար: Հանձնաժողովը և ուղևորափոխադրողներն իրենց ուսումնասիրություններն արել են փաստացի ուղևորափոխադրման պայմաններում, իսկ ավելի լավ ուղևորափոխադրման պայմաններում 100 դրամից պակասն էլ է բավարար»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե պետությունը վատ է կառավարում համակարգը, քաղաքացին չպետք է լինի դրանից տուժողը: