Սլովենիայի քաղաքացիները կիրակի անցկացված հանրաքվեի ընթացքում մերժել են օրենքը, որը միասեռ զույգերին կտար միություն կնքելու ու երեխաներ որդեգրելու իրավունք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ օրենքին դեմ է արտահայտվել ընտրողների 63.4 տոկոսը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 36.2 տոկոս։
Մարտին երկրի խորհրդարանն ընդունել էր օրենք, որը միասեռականներին տալիս էր ամուսնության ու երեխաների որդեգրման իրավունք, սակայն այն ուժի մեջ չմտավ, քանի որ «Հանուն երեխաների» հասարակական շարժումը բողոքարկեց Գերագույն դատարանում՝ հասնելով հարցը հանրաքվեի դնելուն։
Նախորդ՝ 2012-ին կայացած հանրաքվեի արդյունքներով միասեռ ամուսնությունների օրինականացմանը դեմ էր եղել ընտրողների 55 տոկոսը։