Ապրիլի 14-17-ը, Թեհրանում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, Ինֆորմացիոն Տեխնոլոգիական Ձեռնարկությունների Միության հետ համատեղ եւ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, կկազմակերպի «Ճանաչիր Հայաստանը» (Imagine Armenia) ֆորումը: Միջոցառման շրջանակներում Հայաստանում հաստատված հայրենադարձները կխոսեն Հայաստանի հետ կապեր հաստատելու հնարավորությունների մասին, կներկայացնեն գործող պետական եւ ոչ պետական կրթական, ճանաչողական ու կամավորական ծրագրերը, կզրուցեն իրենց անձնական փորձառության մասին:
Հիմնական ծրագրից բացի, ԻՏՁՄ-ի ներկայացուցիչները կներկայացնեն Հայաստանում արագ զարգացող ՏՏ ոլորտի ձեռքբերումները, հեռանկարներն ու մասնագիտական հնարավորությունները:
Այցի շրջանակներում խումբը նախատեսում է իրականացնել երեք առանձին հանդիպում համայնքի ղեկավար ներկայացուցիչների, երիտասարդական ու ուսանողական միությունների անդամների եւ ֆորումով հետաքրքրված գործարարների հետ: