Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով՝ Սարգսյան-Ալիև հանդիպմանը նշեց, որ հանդիպումից առաջ էլ առանձնապես ակնկալիքներ չեն եղել, որ այն դրական արդյունք կտա:
«Տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահը կոչ է անում` խաղաղ բանակցային կարգավորման խնդրի հետ կապված և ինքն էլ դրժում է իր խոստումը: Այստեղից կարելի է եզրահանգում անել, որ կա՛մ Ալիևը ստախոս է, կա՛մ նրա բանակը նրան չի ենթարկվում: Հակառակ դեպքում` հանդիպումներից առաջ նման սիստեմատիկ ձևով դիվերսիոն հարձակումներ, հրադադարի ռեժիմի խախտումներ չէին լինի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ հենց այդ պատճառով Ադրբեջանը հրաժարվեց սահմանին տեսախցիկներ տեղադրելու առաջարկից, քանի որ ամեն ինչ կարող էր բացահայտվել:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով` եթե Հայաստանը հրաժարվեր հանդիպումից, ապա այդ հանգամանքը անպայման կշահարկվեր Ադրբեջանի կողմից:
«Եթե Ադրբեջանն այս ամենն անում է, որ հանրության ուշադրությունը շեղի իր ներքին լարվածությունից, և դա անում է այդ երիտասարդների կյանքերի հաշվին, պետք է պատասխան տա իր հանրության առջև: Հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո Ադրբեջանն, ի վերջո, հաշվետու կդառնա միջազգային հանրությանը, ևս մեկ անգամ ապտակ չեն հասցնի ՄԽ համանախագահներին, նրանց որոշումներին ու կդադարեցնեն սահմանային լարվածությունը: Նրանց վարած քաղաքականության արդյունքում չկա գեթ մեկ դրական բան, կան միայն զոհեր»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա, և նրանցից որևէ ակնկալիք ունենալն առնվազն կարճատեսություն է:
«Մինսկի խումբը, միջազգային հանրությունը և մենք պետք է պնդենք, որ տեսախցիկների, հանձնաժողովների միջոցով ֆիքսվի, թե ով է հրադադարի իրական խախտողը»,- եզրափակեց Բաղդասարյանը: