Հասարակություն 

Մի խումբ քաղաքացիներ միավորվել են գազի գնի դեմ պայքարի համար. վաղը Ազատության հրապարակում կլինի առաջին հավաքը

Մի շարք ազատամարտիկներ, արվեստագետներ և պարզապես ՀՀ քաղաքացիներ միացել են՝ պայքարելու նախորդ տարի օգոստոսից գազի գնի բարձրացման և արդյունքում ավելորդ վճարված գումարների փոխհատուցման համար: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Ներազգային քաղաքացիական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 11-ին նախաձեռնության բոլոր աջակիցները կլինեն Ազատության հրապարակում:

«Մենք որոշել ենք կազմավորել մի խումբ, որը կպայքարի երկրի սոցիալական այն կարևոր հարցերի շուրջ, որոնց մասին կամ չի խոսվում, կամ մատնված է անտարբերության: Վաղը կլինի մեր անդրանիկ ցույցը Ազատության հրապարակում: Մենք բոլորին ապացուցել ենք, որ ժողովրդին խաբում են, մեր գրպանում գողի ձեռքը բռնել ենք, հիմա կա՛մ պետք է բաց թողնենք այդ ձեռքը, կա՛մ՝ պատժենք: Ապացուցել ենք, որ ամեն ամիս մարդիկ 30% «օդի» փող են տվել, ու մենք փոխհատուցում պետք է պահանջենք»,-ասաց նա:

Ռեժիսոր Արշակ Զաքարյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում ներկայիս գնաճը հենց գազի գնի բարձրացման հետևանք է:

«Մենք քաղաքական պահանջներ չենք դնում, որ ասենք՝ Սերժ, հեռացի՛ր, թո՛ղ Կարապետը գա: Մենք այս հարցերը Կառավարության առաջ պետք է դնենք»,-ասաց նա:

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն էլ ասաց, որ բազմաթիվ են այն ընտանիքները, որ ամբողջ ձմեռ գազ չեն վառել, քանի որ ի վիճակի չէին լինի վարձը մուծել:

«Նույնն էլ ես, չեմ վառել գազ, որովհետև գիտեի, որ վառեմ, հետո ընտանիքս չեմ կարողանալու պահել: Իշխանությունը պետք է պատասխան տա. անբարոյականություն է, որ ՀՀ սահմանների համար զոհվածի ընտանիքը գազի գնի պատճառով սառում է տանը: Ես կարծում եմ, որ այս անբարոյականությանը պետք է վերջ տրվի: Շատ ազատամարտիկներ կմիանան այս նախաձեռնությանը»,-ասաց նա:

Նախաձեռնության անդամները կոչ արեցին բոլորին վաղը ներկա լինել հավաքին և միասին պայքարել իրավունքների համար:

Նույն շարքից