Հասարակություն 

Եվրոպայի հետ միասին՝ ընդդեմ աղետների. Կայացել է PPRD East ծրագրի խմբի հանդիպումը

analitik.am

Երեւանում, այսօր՝ ապրիլի 9-ին, տեղի է ունեցել «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում պատրաստվածություն եւ արձագանքում» (PPRD East) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի 3-րդ հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների, առողջապահության, բնապահպանության, տարածքային կառավարման, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, ազգային անվտանգության խորհրդի, ԳԱԱ, Հայկական Կարմիր խաչի, ԵՄ պատվիրակության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ինա Յանկուլովան ընդգծել է, որ սա տարածաշրջանում իրականացվող առաջին նմանատիպ ծրագիրն է. «Մենք ուզում ենք նվազեցնել երկրների խոցելիությունն աղետներից` մշակելով տարբեր մեխանիզմներ: Սակայն աղետների ռիսկի նվազեցումը կարող է արդյունավետ լինել գլխավորապես լավ սերտված դասերի շնորհիվ»:

Ծրագիրը շարունակական է, շուտով ռիսկերի էլեկտրոնային քարտեզը հասանելի կլինի մասնագետներին, առաջիկայում կանցկացվեն մասնագետների վերապատրաստման դասընթացներ եւ աղետների միջազգային արձագանքման թեմայով վարժանքներ:

Նշենք, որ ԵՄ Արեւելյան հարեւանության աջակցություն նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում պատրաստվածություն եւ արձագանքում» (PPRD East) ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականին: Այն իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում:

Ծրագրի հիմնական նպատակն է երկրների տեխնածին եւ տարերային աղետների պատրաստվածության բարձրացման միջոցով շրջակա միջավայրի, բնակչության, մշակութային ժառանգության, տարածաշրջանի ռեսուրսների եւ ենթակառուցվածքների պաշտպանությունը:

Նույն շարքից