Վրաստանը նոր իշխանությունների գալով սկսել է Ռուսաստանի հանդեպ վարել խելամիտ քաղաքականություն՝ սադրիչ ու կոնֆրոնտացիոն քաղաքականության փոխարեն։ Այդ մասին կառավարության կատարած եռամյա աշխատանքների ամփոփման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Վրաստանի կառավարությունը շարունակելու է Ռուսաստանի հանդեպ խելամիտ ու պրագմատիկ քաղաքականությունը։ Չնայած սկզբունքային տարաձայնություններին, որոնց պատճառը 2008 թվականի պատերազմն ու դրա հետևանքներն են, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը՝ մենք կարողացանք առաջընթաց գրանցել Ռուսաստանի հետ տնտեսական, առևտրային ու հումանիտար հարցերում»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատասխան քայլեր է ակնկալում Ռուսաստանից։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում ծագած լարվածությունը բացասաբար է ազդում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա, և Վրաստանը չափազանց շահագրգռված է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։