Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է ռուսական ավիացիայի կողմից սիրիական Իդլիբ քաղաքի ռմբակոծությունները, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ:
«Ռմբակոծությունների հետևանքով զոհվել է մոտ 200 խաղաղ բնակիչ, որը դատապարտելի է։ Դա անմարդկային է։ Ռուսաստանն արդեն իսկ դարձել է այդ հակամարտության կողմ և իրեն հակադրել է Սիրիայի ժողովրդին։
Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը Սիրիա մտավ, իրեն թիրախ ընտրեց հիմնականում չափավոր ընդդիմությանը։ Խաղաղ բնակչությունը նույնպես տառապում է այդ հարձակումներից։ Ռուսաստանը Սիրիա է ներխուժել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պատրվակով։ Մինչ այժմ իրականացված 4000 ավիահարձակումներից 91 տոկոսն ուղղվել է ընդդիմության դեմ։
Այդ գործողությունների արդյունքում ԴԱԻՇ-ն էլ ավելի է ուժեղացել։ Ռուսաստանի խնդիրը ԴԱԻՇ-ը չէ։ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումներն ընդդիմադիրների ու խաղաղ քաղաքացիների դեմ, հակառակ դեպքում Սիրիայում իրավիճակը կձգձգվի տարիներ, իսկ ահաբեդկչությունը կշարունակվի»,- ասել է Չավուշօղլուն։