Հասարակություն 

Ա. Մանուչարյանը դևի մի գլուխ է համարում լրատվամիջոցներին՝ օլիգարխիայի հետ միասին

Հայաստանում վերջին 20-25 տարիներին ձևավորվեց և համատարած իշխում է 7 գլխանի դևը, որը հոշոտում է հանրապետությունը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

«Եթե նկարագրենք դևին, հետևյալն է՝ 4 տնտեսական գլուխ ունի՝ օլիգարխիան, օֆշորները, բանկերը և հանքարդյունաբերությունը, որոնք հոշոտում են ամեն ինչ, ինչ կա-չկա, մնացած գլուխները ապահովող և կառավարող գլուխներն են. մեկը կոչվում է քաղաքական համակարգ, որի ոչ մի դրսևորում` ընդդեմ դևի իշխանության, չկա: Այսինքն՝ խոսվում է նրա մասին, որ դևին կարելի է բարիացնել, որ կարելի է դաստիարակել, նրան թաշկինակ նվիրել: Եվ երկու մյուսը՝ հասարակական կազմակերպություններն են ու լրատվամիջոցները, որոնք ապահովում են, որ երկրի բնակչությունը լինի բավականաչափ հիմարացված վիճակում, որ ծառայի դևին, չընդվզի»,-ներկայացրեց Աշոտ Մանուչարյանը:

Հիմա, ըստ նրա, դրված է հետևյալ հարցը՝ ո՞վ է ուտելիքը մատուցելու դևին, ո՞ր ադմինիստրացիան:

«Սրանք ռադիկալ հարցադրումներ են, օրինակ՝ ազատամարտիկներն ասում են՝ գնանք, սպանենք դևին, կամ, քանի որ տեսնում են, որ դևը ստեղծված է տեղի նյութերից, ասում են՝ չի կարելի նրան կազմաքանդել ու դրանից ինչ-որ ուրիշ բան ստանալ, դա արդեն հետախույզներն են ասում»,- վիճակը նկարագրեց Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա՝ առաջիկայում հայ ժողովրդի հիմնական մարտահրավերն է լինելու դևի ոչնչացման գործընթացը, և այդ սպառիչ գործընթացն առաջիկայում սկսվելու է:

Նույն շարքից