Ռազմական գլխավոր 

Սա պատերազմական իրավիճակ է, և պետք չէ օգտագործել հրադադարի խախտում արտահայտությունը. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գիշեր սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ տարեվերջին կհրապարակեն ադրբեջանական կողմի կրած զոհերի մասին: Նրա խոսքով, տարբեր տեղեկությունների համաձայն՝ անցնող տարվա ընթացքում այդ զոհերի թիվն անցնում է 210-ը, իսկ հայկական կողմի զոհերի թիվը կհրապարակվի պաշտոնապես:

«Վերջին շրջանում լարվածությունը գերակշռում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, իսկ Հայաստանի հետ սահմանին համեմատաբար հանգիստ է:Ադրբեջանական կողմն իր ողջ սպառազինությունն է օգտագործում: Տեսնելով, որ չեն կարողանում ինչ-որ արդյունքի հասնել, խոշոր տրամաչափի զենքեր են կիրառում: Մենք կարող ենք 10 արկին 1 արկով պատասխանել, բայց դիպուկ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա` տանկի կրակոցը մարտական ֆունկցիա կատարելիս այնքան ազդու չէ, որքան հրետանին:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սա պատերազմական իրավիճակ է, և ես կխնդրեի ձեր տերմինաբանության մեջ չօգտագործել հրադադարի խախտում արտահայտությունը, որովհետև հրադադարի խախտում մենք այլևս չունենք, հակառակորդն ավելի լուրջ բաներ է ուզում անել, որը նրա մոտ չի ստացվում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նույն շարքից