Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով տարին, ասաց, որ այն բավականին ծանր էր, սակայն սպասվող տարին նույնպես չի զիջելու իր ծանրությամբ:
Պատգամավորի խոսքով՝ այս իրավիճակի մոտավորապես 50 տոկոսն արտաքին մարտահրավերների արդյունք է, իսկ 50 տոկոսը՝ մեր ներքին կառավարման համակարգի և տնտեսության դիմադրողականության շատ ցածր մակարդակի մասին է խոսում:
Մելքումյանը կարծում է, որ այս տարվա տնտեսական ծանրությունը 1-2 տարվա խնդիր չէ. «2009 թվականից հետո մենք արմատական շատ հարցեր չենք լուծել: Կարծում եմ՝ կառավարության՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, ներդրումային ծրագրերը խթանելու ջանքերի արդյունքները, որոնց բարի նպատակներին չեմ կասկածում, մենք չենք տեսնում, որովհետև ամրագրված չեն վստահության վերականգնմանը միտված կոնկրետ քայլերով: Հայաստանում ներդրումներ չկան, ու փաստացի մենք ունենք նման վիճակ: Այսինքն՝ բացի տնտեսական ջանքերից, որ կառավարությունն անում է, քաղաքական միջոցառումներով դա ամրագրված չէ»: