Սիրելի երևանցիներ,
Այսօր իսկապես լիարժեք ու հագեցած օր ունեցանք, որը լեցուն էր Երևանը սիրող ու գնահատող քաղաքացիների շնչով: Այսօր շատերս մի հերթական անգամ ևս ապացուցեցինք, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն խոսքով, այլև գործով է սիրում ու գնահատում մեր հնամենի, բայց միշտ երիտասարդ մայրաքաղաքը:
Ինքս այսօր եղա քաղաքի շատ վայրերում ու անձամբ մեկ անգամ ևս համոզվեցի, որ երևանցին՝ ահել թե ջահել, մանուկ թե պատանի, առիթը բաց չի թողնում իր սիրելի քաղաքի մաքրության ու կանաչապատման գործում իր ներդրումը ունենալու համար: Եվ ինձ համար՝ որպես Երևանի քաղաքապետի, մեծագույն հպարտություն էր արձանագրել, որ Երևանը սիրող ու գնահատող քաղաքացիների թիվը իսկապես մեծ է: Ու թերևս նաև սրանով է պայմանավորված, որ համաքաղաքային մեր միջոցառումներին տարեց տարի ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ են ներգրավվում, այդպիսով նաև ապացուցելով, որ երևանցիներիս կողմից մեր սիրելի քաղաքի նկատմամբ ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքն անտարբեր չի կարող թողնել և ոչ մեկին:
Ու հիմա, հերթական այս օրվա ավարտին, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօր իրենց մասնակցությունն ունեցան համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին: Մենք միասին մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ Երևանը բոլորիս տունն է ու միասնական ուժերով մենք ի զորու ենք լուծել անգամ անլուծելի թվացող բազում խնդիրներ, և վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով նաև նախանձախնդիր կլինենք, որպեսզի մաքուր ու բարեկարգ պահենք մեր սիրելի քաղաքի յուրաքանչյուր անկյունը: