Գլխավոր Հարցազրույց 

Ո՞րն է փաստաբան Սուսաննա Սարգսյանի հաջողության գաղտնիքը

analitik.am

Ինչպես հայտնի է, 2015 թվականի  դեկտեմբերի 5-ից մեկնարկել է «Անալիտիկ» կենտրոնի կազմակերպած  «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխությունը:

Հիշեցնենք, որ 14 անվանակարգերում ներկայացված են այն գործիչները, ովքեր 2015-ին իրականացրել են ակտիվ գործունեություն տարբեր ոլորտներում:

Analitik.am-ը զրուցել է «Լավագույն փաստաբան» անվանակարգում նոմինացված Սուսաննա Սարգսյանի հետ: Նշենք, որ այս պահի դրությամբ՝ վերջինս զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝   7952 ձայնով:

-Այս պահի դրությամբ՝ Դուք առաջինն եք «Լավագույն փաստաբան» անվանակարգում և երկրորդ տեղում գտնվող նոմինանտից առաջ եք անցել ավելի քան 2800 ձայնով: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր այս հաջողության գաղտնիքը:

-2009 թվականից սկսած՝ մենք բավականին շատ անվճար ծառայություններ ենք մատուցել հասարակության լայն շրջանակներին: Այն ժամանակ, իհարկե, չէինք մտածում, որ մեր աշխատանքն այսպես գովազդվելու է ու գնահատվելու: Պետք է ասեմ, որ մենք մեր կատարած աշխատանքների ծավալները չենք հրապարակում, բայց դրանք բավականին մեծ են:  Բավականին մեծ ծավալներով ծառայություններ ենք մատուցել հասարակության անապահով խավին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, միայնակ մայրերին և թոշակառուներին: Կարծում եմ՝ մեր հաջողության գաղտնիքը հենց սա է: Մեր հաճախորդները մեզ հետ միշտ կապ են պահպանում, նույնիսկ տոներին են զանգում ու շնորհավորում:

-Ձեզ համար անակնկա՞լ էր այս մրցանակաբաշխությունում նոմինացվելը, թե՞ այս իրադարձությունները սպասված էին Ձեզ համար:

-Ճիշտն ասած՝ սկզբում անակնկալ էր՝ շատ հաճելի անակնկալ: Հետո սկսեցի բազմաթիվ զանգեր ու նամակներ ստանալ: Մեր հաճախորդները զանգահարում էին, շնորհավորում և ասում, որ քվեարկել են իմ օգտին: Այս ամենն իսկապես շատ հաճելի էր ինձ համար:

-Քվեարկության ավարտին մնացել են հաշված ժամեր: Եթե այս նոմինացիայի հաղթողը հենց Դուք լինեք, ի՞նչ եք կարծում, այդ հանգամանքն ինչպե՞ս կանդրադառնա Ձեր կարիերայի վրա:

-Մարդիկ այսպիսի մրցանակաբաշխություններին մեծ կարևորություն են տալիս: Սա ևս մեկ առիթ է, որ մեր հաճախորդները կրկին հիշեն մեր մասին, վստահորդների քանակը կավելանա: Հաղթելու դեպքում, բնականաբար, պատասխանատվությունն ավելանալու է: Պետք է ասեմ, որ մենք  միշտ էլ  պատասխանատու վերաբերմունք ենք ցուցաբերել մեր բոլոր հաճախորդների նկատմամբ, բայց այս մրցանակին արժանանալու դեպքում, բնականաբար, պատասխանատվությունն ավելի է մեծանալու: Ձգտելու եմ ավելի լավ աշխատել ու գոհացնել հաճախորդներին:

Հարցազրույցը   վարեց   Հասմիկ   Բալեյանը

Նույն շարքից