Ահաբեկչության դեմ պայքարում Արեւմուտքի քաղաքականությունը ո՛չ իրատեսական է, ո՛չ արդյունավետ, քանի որ ուղղված է միայն ԻՊ-ի դեմ եւ աչք է փակում մյուս ահաբեկչական կազմակերպությունների վրա: Այս մասին Die Presse ավստրիական պարբերականին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Մենք պայքարում էինք ահաբեկչության դեմ ամենասկզբից: Գործում էին «Ջաբհաթ ան Նուսրայի», «Ալ Կաիդայի» ահաբեկիչները: Սակայն Արեւմուտքը չի պայքարել: Ահաբեկչության դեմ պայքարում արեւմտյան քաղաքականությունը ո՛չ օբյեկտիվ է, ո՛չ իրատեսական, ո՛չ արդյունավետ եւ այս պահին այն հակաարդյունավետ է», — կարծում է Ասադը:
Նա նշել է, որ Եվրոպան, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան Սիրիան վերածել են ահաբեկչության որջի: Նրա կարծիքով եվրոպացիները նավթադոլարներով վաճառել են իրենց արժեքները՝ թույլ տալով վահաբիներին արմատական գաղափարները տարածել Եվրոպա:
Նախագահը նշել է, որ Սիրիան պատրաստ է զրուցել յուրաքանչյուրի հետ, ով կընդունի Սիրիայի կառավարության լեգիտիմությունը: Ասադի խոսքով՝ Արեւմուտքի որոշ երկրներ պատրաստ են դրան, սակայն ոչ ոք բավական համարձակ չէ Սիրիայի հետ շփման գնալու համար, քանի դեռ դա չի դրվել ԱՄՆ օրակարգում:
Ասադը նշել է, որ իրավիճակը ձգձգվում է, քանի որ ահաբեկիչներին շարունակում են աջակցել: «Ներգրավված երկրները դա քաղաքական որոշում են անվանում: Նրանք նկատի ունեն տապալել կառավարությունը եւ նախագահին: Այդ պատճառով ամեն բան շարունակվելու է»,- եզրափակել է Բաշար Ասադը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: