Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի կառավարությունն Արմավիրի մարզպետարանին պետք է տրամադրի 10 մլն դրամ, որն անհրաժեշտ էր մարզպետարանում 2015թ-ի ամռան շոգ ամիսներին օդորակիչների շահագործման, ինչպես նաև մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար:
Վաչե Տերտերյանի խոսքով՝ մարզում կրթական ծրագրերից խնայողություն է եղել, և այդ խնայողությունների 8,4 մլն դրամը պետք է ուղղվի խնդրի լուծմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե մինչև հիմնավորում չներկայացվի, նախագիծը չի հաստատվի:
«Մինչև հիմնավորում չներկայացվի, չենք հաստատի: Ես հանձնարարել եմ աշխատակազմի ղեկավարին, սա չեմ ստորագրելու մինչև հիմնավորումը չլինի։ Ի՞նչ է նշանակում լրացուցիչ օգտագործել են, ինչի՞ համար են օգտագործել, պիտի հիմնավորեն, հարյուր հազար դրամ չի, երկու հարյուր հազար դրամ չի: Եթե տնտեսված փող կա, չի նշանակում, որ պետք է հատկացնենք։ Մինչև մարզպետը հիմնավորում չներկայացնի սա չենք ստորագրի, պիտի բացատրություն տա, թե ինչի համար են այդքան ծախսել»,- բարկացավ վարչապետը: