Այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի տեղի ունեցավ «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության 20-ամյակին նվիրված միջոցառում`«20 տարվա նվիրում Հայաստանի երեխաներին» խորագրով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, մարզային և տեղական իշխանությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահառու երեխաներ և մեծահասակներ:
Արմեն Երիցյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և ասաց, որ այսօր Արտակարգ Իրավիճակների նախարարությունում աշխատում են 28 սայլակավոր հաշմանդամներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հույս հայտնեց, որ հաշմանդամ երեխաներին ուղղված ծրագրերը կտան իրենց արդյունքը, և մոտակա տարիներին բոլոր գերատեսչություններում աշխատանք կգտնեն նաև հաշմանդամություն ունեցողները։ «Այսօր կազմեկերպությունը ԱԻՆ-ում կառուցել է հաշմանդամների համար նախատեսված վերելակ, և մեր հաշմանդամ աշխատակիցները արդեն կարող են ինքնուրույն բարձրանալ աշխատատեղ»,- ասաց նա։
Միջոցառման ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ ամերիկացիների նվիրատվությունը երեխաների կրթության, առողջապահական խնամքի, պաշտպանության ոլորտներում կազմել է 40 միլիոն դոլարից ավել: Նա հավելեց, որ կա ևս մեկ ծրագիր, որի շրջանակներում փորձելու են հաշմանդամության ոլորտում` զբաղվածության միջոցով բարձրացնել մարդկանց կենսամակարդակը: