Հասարակություն 

Վերջին հրաժեշտը Հրանտ Վարդանյանին

«Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ, հայտնի գործարար Հրանտ Վարդանյանին հրաժեշտ տալու նպատակով այսօր Կամերային երաժշտության տուն էին ժամանել ընկերության հարյուրավոր աշխատակիցներ, պատգամավորներ, մշակութային գործիչներ: Այստեղ էին նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և այլոք: Նրանք բոլորը հիշում էին Հրանտ Վարդանյանին իբրև մեծ հայրենասերի ու բարեպաշտ մարդու:

«Համոզված եմ, որ նրա որդիները կշարունակեն իր գործը: Բայց նա անկախության տարիներից ինչ ձեռնարկել է, հիմնականում հաջողվել է: Նա զարգացրել է այն ոլորտները, որոնք քայքայված էին երկրում, և այսօր իր ձեռնարկությունում բազմաթիվ մարդիկ են աշխատում: Երկրի ամենախոշոր հարկատուներից մեկն է: Շատ լավ մարդ, հայր, պապիկ ու ամուսին էր: Մեծ կորուստ ունեցանք թե՛ տնտեսության մեջ, թե՛ մարդկային առումով»,- նշեց Գարեգին Նուշիկյանը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ Հրանտ Վարդանյանը այն եզակի արտադրողներից էր, ում հաջողվեց վերականգնել տեղական, հայրենական արտադրության նկատմամբ ժողովրդի վստահությունը:

«Հրանտ Վարդանյանը անշրջելի ու մեծ հետք է թողել տեղական արտադրության խնդիրները հայրենիքում զարգացնելու գործում: Ինքն առաջամարտիկ էր»,-ասաց նա:

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանն էլ ընդգծեց, որ առանց Հրանտ Վարդանյանի աջակցության անհնար էր պատկերացնել, թե տարիներ առաջ ինչպես էր «Կիլիկիա» նավը շրջագայելու 7 ծովերով:

«Չի կարելի որևէ մեկի հետ նրան համեմատել, ինքը ուրիշ էր, որովհետև երբ իրեն ասում են բարերար… ինքը ուրիշ բարերար էր: Ղարաբաղյան շարժումը երբ սկսվել էր, ինքն արդեն կար, երբ արդեն սկսել ենք ոտքի կանգնել, նա օգնել է, բայց երբեք թատրոնի չի վերածել»,-ասաց նա:

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ Հրանտ Վարդանյանը անկախությունից հետո արեց այն, ինչին քչերն էին հավատում:

«Շատերին ոգևորեց ու ցույց տվեց իրական ճանապարհը: Մինչև վերջ հավատարիմ մնաց իր բռնած ուղղուն: Հեշտ ճանապարհ չէր բռնել՝ ապրանք ներկրել, վաճառել, այլ զարգացնում էր տեղական արտադրությունը: Նա իր խաչը կրեց մինչև վերջ, արժանապատիվ ձևով»,-ասաց նա:

Իսկ «Գրանդ Հոլդինգ» ընկերության աշխատակիցները Հրանտ Վարդանյանին հիշեցին իբրև ընտիր ղեկավարի ու բարի մարդու:

«Էն դժվար տարիներից նա շատ ընտանիքների հացի տեր դարձրեց: Մենք բոլորս երախտապարտ ենք նրան, իր նմանները պետք է 100 տարի ապրեն: Աստված իր չապրած տարիները թող տա իր տղաներին»,-ասաց աշխատակցուհիներից մեկը:

Նույն շարքից